Ռուսաստանը խստացրել է Բելառուսից ավիաչվերթների համար սահմանային հսկողության կանոնները

15:31 • 05.05.17

2017 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանի և Բելառուսի միջև բոլոր չվերթները կտեղափոխվեն ռուսական օդանավակայանների միջազգային հատվածներ: Բացի այդ, Ռուսաստանը սահմանային հսկողություն է սահմանում Բելառուսից ժամանող և այդ երկիր մեկնող օդանավերի և երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ռապոտան հավելել է, որ «այդ չվերթներով ուղևորվող Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների սահմանային հսկողություն չի իրականացվելու»:


«Երկու պետությունների քաղաքացիների համար միակ փոփոխությունը կլինի համապատասխան չվերթով Բելառուսի Հանրապետություն(ից) ժամանումը կամ թռիչքը հաստատող նստեցման կտրոնը պահելը: Սահմանը հատելու նշագրումներ անձնագրում չեն դրվելու»,- հավելել է նա։