Սիրիայում անվտանգ գոտիները փակ են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար. ՌԴ նախագահի պատվիրակ

13:37 • 05.05.17

Սիրիայում անվտանգ գոտիներում արևմտյան կոալիցիայի ավիացիայի աշխատանքը հնարավոր չէ, երաշխավոր երկրներն ուշադիր հետևելու են այդ տարածքում բոլոր գործողություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ պատվիրակ, Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Անվտանգության գոտիներում ավիացիայի աշխատանքը, հատկապես միջազգային կոալիցիայի, բացարձակապես չի նախատեսվում՝ ծանուցմամբ, թե առանց ծանուցման: Այդ հարցը փակ է: Միակ տեղը, որտեղ կարող է աշխատել միջազգային կոալիցիայի ավիացիան՝ «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ է, որոնք գտնվում են այդ խմբավորման կենտրոնացման շրջանում՝ Ռաքքայի շրջակայքում, Եփրատի, Դեր Զորի շրջակայքում և Իրաքի տարածքում»-,- ասել է Լավրենտևը լրագրողներին:


«Ինչ վերաբերում է անվտանգ գոտիներում նրանց գործողություններին, այժմ այդ բոլոր գոտիները փակ են նրանց թռիչքների համար: Հուշագրում դա գրված չէ, բայց ավիացիայի թռիչքները դադարեցվում են այդ տարածքների վրայով, և մենք՝ որպես երաշխավորներ, ուշադիր հետևելու ենք այդ ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններին»,- նշել է նա:


Աստանայում մայիսի 3-4-ն անցել են Սիրիայի հարցով բանակցություններ, որոնց մասնակցել են երաշխավոր երկրների՝ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները: Հինգշաբթի բանակցությունների մասնակիցները ստորագրել են Սիրիայում անվտանգության չորս գոտիների մասին հուշագիր: