ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական հետապնդում է սկսել Uber-ի նկատմամբ. Washington Post

14:00 • 05.05.17

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական հետապնդում է սկսել Uber տաքսի պատվիրելու առցանց ծառայության նկատմամբ՝ գաղտնի ծրագրային ապահովում օգտագործելու համար, որն օգնել է վարորդներին շրջանցել տեղական կարգավորող մարմիններն այնտեղ, որտեղ արգելված կամ սահմանափակված է եղել ծառայության աշխատանքը, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի:


Ինչպես գրում է թերթը, հետաքննությունը կապված է Uber-ի ստեղծած Greyball ծրագրային ապահովման հետ:


Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել է, որ Uber-ը մի քանի տարի շարունակ խաբել է երկրների իշխանական մարմիններին, որտեղ սահմանափակված կամ արգելված է եղել ծառայության աշխատանքը՝ ծառայության ցածր գների պատճառով:


Ինչպես թերթին հայտնել է Uber-ի չորս նախկին և ներկայիս աշխատակից, ծառայությունը Greyball գործիքի օգնությամբ օգտագործել է Uber հավելվածի և այլ միջոցներով հավաքած տվյալները՝ հայտնաբերելու և շրջանցելու համար ծառայության դեմ հանդես եկող պաշտոնյաներին: Այդ գործիքը VTOS ծրագրի (ծառայության պայմանների խախտում) մաս է եղել, որը նախատեսված է նրա համար, որ մարդիկ, ովքեր, ընկերության կարծիքով, այն սխալ են օգտագործում, չկարողանան օգտվել ծառայությունից:


Նշվում է, որ ծրագիրն օգտագործվել է 2014 թվականի վերջից ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի քաղաքների իշխանություններին շրջանցելու համար:


ԶԼՄ-ների տվյալներով՝ The New York Times-ի հոդվածի հրապարակումից հետո Uber ծառայությունը դադարեցրել է Greyball ծրագրային ապահովման օգտագործումը: