ՀՀԿ-ն ուրիշ կուսակցության հարցերով չի զբաղվում. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուրիշ կուսակցության հարցերով չի զբաղվում. ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց 5-րդ գումարման ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն մեղադրանքներին, թե «Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ կատարվածում ՀՀԿ մատը խառն է:
«Հասկանում եմ, որ իշխանության դերը բարձր եք գնահատում, ես էլ եմ նույն կարծիքին, որ առանցքային ուժը ՀՀԿ-ն է։ Բայց հայտարարում եմ՝ իրենց կուսակցության ներքին հարցերն են, և մենք ուրիշ հարցերով չենք զբաղվում։ Բնականաբար, հարցը շահարկելով՝ մեղավոր են փնտրում, և թիրախում անպայման պետք է ՀՀԿ-ն լինի»,-ասաց նա և խորհուրդ տվեց սպասել պարզաբանումներին:
«Համբերեք ևս մի քանի օր՝ իրենք իրենց հարցերը կպարզաբանեն, եթե ոչ, դրանով կզբաղվեն իրավապահները»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է սպասվում ՀՀԿ համապետական ցուցակում հայտնված այն անձանց, ովքեր մանդատ վայր չդրեցին, ինչպես օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Կոստանյանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե պետք է համբերել:
«Զինվեք համբերությամբ։ Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի, բոլոր մանդատների տերերը՝ ով հետագայում ինչով կզբաղվի»,-ասաց նա:










