Նորածին հնգյակից մեկի մահվան պատճառը խորը անհասությունն ու գլխուղեղում արյան զեղումն է. «Էրեբունի» բ/կ-ի տնօրեն

13:23 • 06.05.17

«Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնեց, որ
մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից այսօր առավոտյան մահացած նորածինը ունեցել է խորը անհասությունից, որն էլ հարուցել է բարդացումներ՝ գլխուղեղի արյան զեղում:

«Անհասության պատճառով գլխուղեղում առաջացող արյունազեղումն ամենավտանգավոր բարդացումն է, ինչն էլ բերում է նման ծանր վիճակների: Ասեմ, որ այս բարդության կանխարգելումը հնարավոր չէ,  որովհետև միակ ճանապարհն այն է, որ երեխան որքան հնարավոր է՝ շատ մնա արգանդում»,-ներկայացրեց Միքայել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հնգյակը լույս աշխարհ էր եկել 28 շաբաթականում՝ կեսարյան հատմամբ:

Առողջապահության նախարարությունը վերջին մի քանի օրերին տարածած հաղորդագրություններում նշում էր, որ երեխաներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է»,-նշված էր մայիսի 4-ի ԱՆ հաղորդագրության  մեջ:

Նշենք, որ նորածնի վիճակը սկսել է վատանալ երեկ երեկոյան,  ողջ գիշեր հիվանդանոցում են եղել ՀՀ գլխավոր նեոնատալոգը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը,  տարբեր պրոֆիլի բժիշկներ:


 

 

 

Նորածին հնգյակից մեկի մահվան պատճառը խորը անհասությունն ու գլխուղեղում արյան զեղումն է. «Էրեբունի» բ/կ-ի տնօրեն