Ծարավ աղբյուրի փողոցում այգին ցանկանում են հատել և ատամնաբուժարան կառուցել. ահազանգում է բնակիչը
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուր 32 շենքի բնակիչ Վահե Պապոյանն ահազանգում է, որ իրենց շենքի դիմացի ծառաշատ այգին ցանկանում են հատել և դրա փոխարեն ատամնաբուժարան կառուցել:
Նրա տեղեկացմամբ՝ 10 տարի առաջ Ծարավ աղբյուրի 32 հասցեում քանաքեռցիների ջանքերով տնկված այգին աճուրդի էր հանվել և վաճառվել է որպես աղբանոց:
«Այն ժամանակ դիմել ենք Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին և նա խոստացել էր, որ թույլ չի տա, որպեսզի տարածքը վաճառվի, բայց ուրիշ հասցեով են արել: Ծարավ աղբյուր 32 շենքի փոխարեն աճուրդը քաղաքապետարանում արել են Սարկավագ փողոցի վրա, բայց մուտքը մեր շենքի մոտից է, այսինքն՝ նույն բակն է»,- հայտնեց Պապոյանը:
Նա նշեց, որ հողատարածքն աճուրդով գնողն այն հետագայում վաճառել է մեկ ուրիշին: Ներկայիս սեփականատերն էլ որոշել է ծառերը հատել և տարածքում ատամնաբուժարան կառուցել: Պապոյանը նաև հայտնեց, որ այս հարցով դիմել են և քաղաքապետարան, և վարչապետին, հիմա էլ պատրաստվում են դատարան դիմել:
«Ուզում ենք դատական գործընթաց սկսել: Փաստաբանին արդեն գտել ենք, ուղղակի հոնորարի հետ է կապված, պետք է հարևաններով գումար հավաքենք»,- ասաց նա:
Վահե Պապոյանի խոսքով՝ այգին սիրելի վայր է բոլոր բնակիչների, հատկապես, փոքրիկների համար. «Լավ կլիներ, որ այստեղ մանկական այգի սարքեին, ոչ թե ատամնաբուժարան, մեր երեխաներն էլ գոնե կօգտվեին դրանից»:















