Թրամփը Ռուսաստանի հետ իր կապերի մասին տեղեկություններն ամբողջությամբ սուտ է անվանել

09:21 • 09.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իր և Ռուսաստանի միջև եղած կապի մասին վերջին շրջանում անընդհատ շրջանառվող տեղեկությունները, դրանք ամբողջությամբ սուտ է որակել:

Այս մասին 70-ամյա ղեկավարը գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում:


«Ռուսաստանի և Թրամփի կապերի մասին պատմությունն ամբողջությամբ սուտ է: Վերջապես ե՞րբ է ավարտվելու հարկատուների հաշվին իրականացվող այս խառնաշփոթը»,- գրել է Թրամփը:

Ի լրումն գրածի՝ Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի և Ռուսաստանի իշխանությունների միջև կապը հաստատող ապացույցներ չկան:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ամերիկյան հետախուզական ծառայություններն ու լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն շրջանառել այն վարկածը, ըստ որի՝ Թրամփի հաղթանակի հարցում առանցքային նշանակություն է ունեցել Մոսկվայի միջամտությունն ընտրությունների ընթացքին:

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: