Աթաթուրքին վիրավորողները կպատժվեն օրենքով. Թուրքիայի վարչապետ

19:57 • 10.05.17

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին անպատվողները պետք է պատժվեն օրենքով, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 

Նշենք, որ օրեր առաջ թուրքական TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ լրագրող Սուլեյման Յեշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»:

Աթաթուրքին իր որդեգիր դստեր հետ սիրային կապ ունենալու համար մեղադրած Յեշիլյուրթին ձերբակալել են նույն օրը:

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևենթ Գյոքը բողոք էր ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատարան և պահանջել պատժել առաջին նախագահին վիրավորած հեղինակին:

Ավելի ուշ թուրք հոգևորական Հասան Աքարը, խոսելով Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, նրան անվանել է վիժվածք, իսկ Աթաթուրքի մորը որակել անբարոյական:

«1938թ.-ին սատկած այդ վիժվածքի նմանի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել էր հոգևորականը: