Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ երկրում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որում երկրի ղեկավարի պաշտոնի համար գլխավոր մրցակիցները գործող նախագահ Հասան Ռոհանին և այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին են, նշում է Reuters-ը:
«Յուրաքանչյուրը պետք է մասնակցի այս կարևոր ընտրությանը: Քվեարկելու գնացեք որքան հնարավոր է շուտ»,-իր ընտրությունն անելուց հետո ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Նշենք, որ Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահը, Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահ Հասան Ռոհանին:
Ավելի վաղ իրանագետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին, ասել էր, որ Հայաստանին ձեռնտու է գործող նախագահ Հասան Ռոհանիի վերընտրվելը, քանի որ մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի և Արևմուտքի հետ քիչ հակասություններ ունեցող Իրան: Ըստ նրա՝ պահպանողական Իբրահիմ Ռաիսիի՝ նախագահ դառնալու դեպքում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացում կլինի, ինչն էլ իր հերթին տարածաշրջանում նոր լարվածություն կստեղծի։ «Սա հաստատապես Հայաստանի շահերից չի բխում»,- նշել էր իրանագետը:










