Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ինքնությունը, բայց այժմ՝ հետաքննության ներկայիս փուլում, դեռ չի պատրաստվում հրապարակել նրա անունը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ խոսելով վարչապետական նստավայրի դիմաց՝ կառավարության «Կոբրա» արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հանդիպումից հետո, գրում է The Independent-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ոստիկանությունը կարծում է՝ ահաբեկչությունը մի հոգի է իրականացրել, բայց այժմ փորձում է պարզել, թե արդյոք նա գործել է միայնակ:
«Ահաբեկիչները երբեք չեն հաղթի, և մեր արժեքները, մեր երկիրը և մեր ապրելակերպը միշտ կգերակայի»,- ասել է Թերեզա Մեյը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն էր հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է:










