ԿԸՀ-ում այս պահին միայն Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմումն է. ԿԸՀ մամուլի քարտուղար

16:38 • 26.05.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ ժամը 16.08-ի դրությամբ միայն մեկ ինքնաբացարկի դիմում կա՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ ընդգծելով, որ ինքնաբացարկի դիմումը ներկայացված է եղել մինչև ԱԺ անդրանիկ նիստի մեկնարկը:

Ուշագրավն այն է, որ ըստ Հերմինե Հարությունյանի մեկնաբանության՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետ չկա:

Հիշեցնենք, որ այսօրվա «Իրատես»-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ում իրարանցում է. ավագանու ցուցակի առաջին 46-ից նվազագույնը 20 հոգի մանդատը վայր կդնի:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն էլ, ի պատասխան հարցի, թե իրեն հայտնի է՞, որ ՀՀԿ նորընտիր ավագանու բազում անդամներ պատրաստվում են ինքնաբացարկներ հայտնել, ասաց. «Շուտով կիմանաք, բան չի մնում»։

Ի դեպ, մանդատը վայր դնելու ակնարկ Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ՀՀԿ ավագանու անդամ Միքայել Պողոսյանը. «Շուտով կտեսնեք՝ ավագանի՞ եմ, թե ոչ»: