Եթե օբյկետը նոր արժեք չի ստեղծում, երկու մոտեցում է պետք կիրառել.Թաթուլ Մանասերյանը՝ օբյեկտների մասնավորեցման մասին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ներկայացրած 47 օբյեկտների սեփականշնորհմանը, նշեց, որ յուրաքանչյուր կառույց ունի իր յուրահատկությունները: «Այդ առանձնահատկությունները եթե հաշվի չառնվեն, ապա մասնավորեցման գործընթացը կարող է նպատակին չծառայել, ինչպես եղել է 90-ական թվականներին, երբ խախտվել է բուն սկզբունքը և մասնավորեցվել են ոչ այնքան վնասով, որքան շահույթով աշխատող ձեռնարկությունները»,-ասաց նա և նշեց, որ դրա համար պետք է պատասխանատվության կանչել այդ օրվա իշխանություններին:
«Ես կարծում եմ, որ այսօր որակապես նոր իրավիճակ է, իհարկե կան խնդիրներ և մասնավորեցման հարցում չի կարելի ասել, որ 47 օբյեկտներ նույն սկզբունքով պետք է սեփականաշնորհել, սակայն չպետք է այսօրվա իրավիճակը խառնել նախկինում եղածի հետ»,-ասաց նա: Անդրադառնալով նախագծի վերաբերյալ հնչած ելույթներին, տնտեսագետն ասաց, որ կան մարդիկ, ովքեր համեմատություններ անելիս էյֆորիայի մեջ ընկան: «Ընդ որում արտահայտվեցին այն մարդիկ, ովքեր 90-ականների թալանին մասնակցել են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այսօր ներկայացված ցանկին, ապա Թաթուլ Մանասերյանն ասաց, որ կառավարությունը դիտարկել է այն կառույցները, որոնք պետական հոգածության տակ են, սակայն վնասով են աշխատում կամ ընդհանրապես պարապուրդի են մատնվել, կամ բեռ են պետության համար:
«Եթե նոր արժեք չի ստեղծվում, նման օբյեկտների հանդեպ երկու մոտեցում պետք է կիրառել, առաջին` առողջացում, բարելավում և մյուս պարագայում, եթե դա հասարակությանը պետք չէ, պարզապես ստեղծվել են ինչ-որ ժամանակ և գոյատևում են, պետք է լուծարեն, իսկ այդպիսի կառույցները բազմաթիվ են»,-ասաց նա:
Տնտեսագետն ասաց, որ պետք է պետությունը իր կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները մինչև վերջ իրականացնի, այսինքն մասնավորեցնելը լինի մրցույթով և դրվեն որոշակի պահանջներ: «Յուրաքանչյուր օբյեկտ պետք է մանրազինին քննվի տեղի մասնագետների, կառավարության ներկայացուցիչների կողմից և մասնավորեցվի նրանց կողմից, ովքեր դրանց գինը, աժեքը հասկանում են և կարող են շարունակել արդյունավետ դրանց կառավարումը»,-ասաց նա և նշեց, որ մասնավորեցման դեպքում ներդրումների հնարավորություն կա:
Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ տարբեր երկրներ տարբեր փորձ ունեն կապված օբյեկտների մասնավորեցման և ազգայնացման հետ և զարգացած բազմաթիվ երկրներ կան, որոնք տարբեր օբյեկտներ մի քանի անգամ մասնավորեցրել և մի քանի անգամ ազգայնացրել են: «Պետք է հարցը մշտապես պետության ուշադրության ներքո լինի և եթե տեսնի, որ մասնավորը չարաշահում է, գնա ազգայնականացման ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ ինքը ազգայնացման մասին օրենք է հեղինակել:
Տնտեսագետը նկատեց, որ մասնավորը իր շահից ելնելով ավելի շահույթով է աշխատում, թեև պետությունը ևս այսօր դարձել է մրցունակ: Նա նաև կարևորեց սոցիալական, մարդկային գործոնը, որպեսզի հասարակությանը վնաս չհասցվի որևէ օբյեկտ սեփականաշնորհելիս:










