Վարդան Գերավետյանի մոտ կիստոզ է հայտնաբերվել. ըստ փաստաբանի՝ սպասելու ժամանակ չկա

20:43 • 12.06.17

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը օրերս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում  հետազոտության է ենթարկվել, ինչի արդյունքում նրա կոկորդում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն: Դրա բնույթը, ընթացքը, ըստ նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանի, հայտնի չէ, քանի որ ՔԿՀ-ում արվել է միայն ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտություն, անհրաժեշտ են լրացուցիչ և հավելյալ հետազոտություններ, մասնավորապես, հյուսվածքի հիստոլոգիա:

Tert.am –ի հետ զրույցում պաշտպանն ասաց. «Կոնկրետ բնույթն ու աստիճանը չի որոշվել՝ բարորակ, չարորակ, և այս պահի դրությամբ մենք չգիտենք՝ ինչ գոյացություն է, քանի որ  ՔԿՀ-ում արվել են միայն այդ հետազոտությունները, սակայն վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ են մի շարք այլ հետազոտություններ»:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական խնդիրները ծագել են մի քանի օր առաջ, երբ Վարդան Գերավետյանը սկսել է բողոքել կոկորդի շրջանում եղած ցավերից:

Դավիթ Գյուրջյանը հավելեց, որ իրենք ՔԿՀ-ին դիմել են, որպեսզի պաշտպանյալը համապատասխան ստուգումներ անցնի, ապա դիմել են լրացուցիչ՝ հետազոտություններն արագացնելու համար, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» -ից գրավոր պատասխանել են, որ այս հետազոտությունները պետք է իրականացվեն պլանային կարգով, ինչը չի ենթադրում որևէ կոնկրետ ժամանակահատված:

Փաստաբանը, մինչդեռ, պնդում է, որ Վարդան Գերավետյանը պետք է շատ արագ և արտահերթ հետազոտվի, որովհետև դա այն հարցը չէ, որի դեպքում կարելի է սպասել:

«Դա ինչ-որ մանր-մունր հարց չէ, դա այն խնդիրը չէ, որ կարելի է սպասել տարիներով, դա օրերի հարց է»,- հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանին առաջադրված են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում: