Ինեսսա Պետրոսյանին ուղղված սպառնալիքների և հայհոյանքների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանին՝ դատարանում ուղղված հայհոյանքների և սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալների հարազատների կողմից ինձ ուղղված սպառնալիքների և հայհոյանքների փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ քննության փուլում մեղադրանք կառաջադրվի, այս ընթացքում ինքը ևս դեռ չի հարցաքննվել:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 347-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները, որը կատարվել է պաշտպանի նկատմամբ կապված նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատարանում իրեն ուղղված հայհոյանքների և սպառնալիքների վերաբերյալ նյութեր նախապատրաստվեն և հարուցվի քրեական գործ: Նշենք, որ բացի դատարանում հնչեցրած հայհոյանքներից, Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնալիք պարունակող բովանդակությամբ նամակներ էր հրապարակել, որը փաստաբանին էր ուղարկել Նարինե Արզումանյան անունով օգտատերը:










