Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հայազգի թեկնածուներն առաջ են անցել Մակրոնի կուսակցության ստեղծած ալիքի շնորհիվ․ Արման Ավագյան
Ֆրանսիացիները որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցությանը, քանի որ որոշել են հին, ավանդական կուսակցություններից ազատվել․ ամփոփելով ֆրանսիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն՝ ասաց ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:
«Այդ սկզբունքին հավատարիմ՝ բոլոր տեղամասերում նախագահի կուսակցությունը առաջատարն է: Այլ հարց է, թե ինչպես կլինի երկրորդ փուլը: Մակրոնը ոչ թե ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների մեծամասնությունը, այլ՝ բացարձակ մեծամասնությունը, խոսքը խորհրդարանում 400-450 տեղի մասին է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած «Առաջ, հանրապետություն» (La République en marche) կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 32,3 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա կարող է հավակնել 445 տեղից 390-ին: Այնուամենայնիվ, խորհրդարանի մանդատ ստացած թեկնածուների թիվը հստակ կլինի միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո:
Արման Ավագյանը նշեց, որ Ֆրանսիայի ավանդական սոցիալիստական կուսակցությունը հոգեվարքի մեջ է, աջակողմյանները՝ Հանրապետականները ևս խնդիր ունեն, քանի որ ըստ նախնական տվյալների, 100 տեղի համար են պայքարում, մնացած կուսակցություններն ավելի քիչ ձայներ են հավաքել:
«Ֆրանսիացիները որոշեցին իրենց ձայները Մակրոնին՝ փոփոխությունների նոր շունչը բերողին տալ,- ասաց նա՝ նշելով, որ Մակրոնի գրանցած հաջողությունը՝ ձայները մեծամասնություն ստանալը դեռ հաստատուն չէ,- դեռ կա երկրորդ փուլ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք չէ նախագահի համար ստեղծել հակակշիռ, որովհետև այստեղ մենք նրան տալիս ենք բոլոր լծակները: Հնարավոր է՝ մարդիկ այդ մասին մտածեն և երկրորդ փուլում ավելի շատ ձայներ տան աջակողմյաններին: Իմ կանխատեսմամբ՝ խորհրդարանում 400 տեղ ունենալով Մակրոնի կուսակցությունը կհաղթի»:
Արման Ավագյանի խոսքով՝ ֆրանսիացիները հոգնել են նախկին ավանդական կուսակցությունների հետ կապված միջադեպերից՝ կոռուպցիայից, չարաշահումներից, սկանդալներից: «Բայց մյուս կողմից էլ գալիս են նոր մարդիկ՝ փորձ չունեցող մարդիկ: Նրանք մտնելու են խորհրդարան և քվեարկելու են այնպես, ինչպես կասի Մակրոնի կուսակցությունը: Եվ չպետք է մոռանանք, որ նրանք էլ ունեն իրենց խնդիրները»,- ասաց նա:
Արման Ավագյանը մատնանշեց, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ հայազգի թեկնածուներ են առաջադրվել և առաջին անգամ է Ֆրանսիայի պատմության մեջ, որ հայազգի թեկնածուները մեծ հաջողությամբ անցել են առաջին փուլը: Նրա դիտարկմամբ՝ հայազգի թեկնածուներն առաջ են անցել ի շնորհիվ նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության ստեղծած ալիքի, որը սփռվել է ամբողջ Ֆրանսիայով:
«Հայից բացի, Հայ դատով ոչ ոք ավելի լավ չի զբաղվելու: Մենք խոսում ենք, որ հայամետ պատգամավոր Վալերի Բուայեն մեզ համար շատ բան է արել, բայց պետք է վստահ լինենք, որ նույն տեղամասում առաջադրված հայամետ Պասկալ Շամասյանն ավելի շատ բան է անելու հայկական խնդիրների լուծման ուղղությամբ, քան նույն Վալերի Բուայեն: Մեր հայ թեկնածուներն ունեն հայկական ջիղը»,- ասաց նա:
Ըստ Արման Ավագյանի՝ մենք Ֆրանսիայի խորհրդարանում դեռ պետք է խնդիրներ լուծենք․ ունենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Սահմանադրական դատարանի կողմից ընդունման հնարավորությունների ուսումնասիրման և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունման խնդիրները: «Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը Ֆրանսիայից զենք գնողների հաճախորդների ցուցակի լավագույն տասնյակում է»,- ասաց նա:
Ֆրանսահայ գործչի կանխատեսմամբ՝ հայազգի թեկնածուներից մի քանիսը խորհրդարան կանցնեն: «Պետք է հասկանանք, թե ինչքանով ենք կարողանալու նրանց միջոցով հնչեցնելու հայկական խնդիրները»,- ասաց նա:
Նշենք, որ Օ դը Սեն դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Ժակ Մարիլոսյանը 48,48 տոկոս ձայնով առաջին տեղն է զբաղեցրել: Ռոնի 13-րդ ընտրատարածքում «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Դանիել Ղազարյանն առաջին տեղն է զբաղեցրել՝ ստանալով 33,99 տոկոս ձայն, իսկ Պուշ դիվ Ռոնի առաջին ընտրատարածքում «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Պասկալ Շամասյանն է լավագույն արդյունքը գրանցել՝ հավաքելով ձայների 29,43 տոկոսը: Շեր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում «Դեմոկրատական շարժում» կուսակցության թեկնածու Նաթիա Եսայանը, ում ամուսինն է հայ, ստացել է առավելագույն թվով ձայներ՝ 33,6 տոկոս:










