Դուտերտեն հայտարարել է, որ պաշարված քաղաքի համար տարվող մարտերում չի դիմել ԱՄՆ-ի օգնությանը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի խնդրել Վաշինգտոնից օգնություն երկրի հարավում գտնվող քաղաքի ազատագրման համար տարվող մարտերում, հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրի նախագահի հայտարարությունից մեկ օր առաջ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ օգնություն է տրամադրում Ֆիլիպիններին՝ երկրի իշխանությունների խնդրանքով:
Դուտերտեն իսլամիստների հսկողության տակ գտնվող Մարավի քաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Կագայան դե Օրո քաղաքում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «երբեք Ամերիկային չի դիմել» օգնության համար:
Երբ Դուտերտեին հարցրել են Մարավի քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված զինյալների դեմ գրոհին ԱՄՆ-ի աջակցության մասին՝ Դուտերտեն ասել է, որ նա «տեղյակ չի եղել այդ մասին»:
Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք ամերիկամետ զինված ուժերը շրջանցել են Դուտերտեին՝ դիմելով ԱՄՆ-ի օգնությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերն օգնության են հասել ֆիլիպինցի զինվորականներին Մարավի քաղաքի ազատագրման համար տարվող մարտերում: Այդ մասին հայտարարել էին երկրի զինված ուժերը՝ ընդգծելով, որ ամերիկյան բանակը տրամադրում է միայն տեխնիկական օգնություն և անմիջականորեն չի մասնակցում մարտերին:
Պենտագոնը հաստատել էր, որ օգնություն է տրամադրում Ֆիլիպինների զինված ուժերին:
Ֆիլիպինների զորքերը պաշարել են Մարավին արդեն ավելի քան երկու շաբաթ: Մայիսի 23-ին անվտանգության ուժերը փորձել են ձերբակալել ամենահետախուզվող ահաբեկիչների ամերիկյան ցանկում ընդգրկված ֆիլիպինցի գրոհային Իսնիլոն Հապիլոնին: Տասնյակ գրոհայիններ դիմադրություն են ցույց տվել, իսկ այնուհետև գրավել են 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի թաղամասերը և պատանդներ վերցրել:
Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 58 ֆիլիպինցի զինվորական, առնվազն 138 գրոհային և 20 խաղաղ բնակիչ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախկինում սպառնացել էր երկրից դուրս հանել ամերիկացի զինվորականներին՝ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով:










