Լեյբորիստների գրանցած առաջընթացից հետո բրիտանացի պրոֆեսորն ուղիղ եթերում կերել է իր գիրքը (տեսանյութ)
Բրիտանացի պրոֆեսոր Մեթյու Գուդվինը ստիպված է եղել հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ ուտել իր գիրքը, քանի որ նախքան հունիսի 8-ին խորհրդարանական ընտրությունների կայանալը խոստացել էր այդպես վարվել, եթե Լեյբորիստական կուսակցությունը 38% ձայն հավաքի:
«Հրապարակավ հայտարարում եմ՝ չեմ հավատում, որ Ջերեմի Քորբինի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունն ընտրություններում 38% կհավաքի: Եթե դա տեղի ունենա, ես մեծ սիրով կուտեմ Brexit-ի մասին իմ նոր գիրքը»,-ավելի վաղ խոստացել էր պրոֆեսորը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ է դարձել, որ Քորբինի կուսակցությունը ստացել է քվեների մոտ 40%-ը, Գուդվինն ընդունել է իր պարտությունն ու Sky News-ի եթերում կատարել խոստումը:
Ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը ծամում իր գրքի էջերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց պահպանողականները ստացել են 318, լեյբորիստները՝ 262, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 35, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 10, Ուելսի կուսակցությունը՝ 3, կանաչները՝ 1 մանդատ:
Կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել ստանալ մանդատների կեսից ավելին, ինչն առաջացրել է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն:










