Երկու շաբաթ է անցել, սակայն «От Мартина»-ի սեփականատիրոջ հայրական տնից կողոպուտի փաստով դեռևս կասկածյալ չկա. գյուղապետ

20:20 • 12.06.17

Վրաստանի Ախալցիխեի մունիցիպալիտետի Փոքր Պամաճ գյուղում ռուսաստանաբնակ գործարար, բարերար «От Мартина»-ի սեփականատեր Աշոտ Բաբոյանի հայրական տան կողոպուտի փաստով դեռևս կասկածյալ չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Պամաճի գյուղապետ Կարլեն Կարախանյանը:

«Կողոպուտի մասին իրավապահներին հայտնելուց հետո արդեն մոտավորապես երկու շաբաթ է անցել, սակայն որևէ տեղաշարժ չկա: Քրեական գործ հարուցված է, սակայն կողոպուտը կատարելու կասկածանքով բերման ենթարկված անձ չկա, կասկածյալ չկա և տան անդամներն էլ որևէ մեկին չեն կասկածում»,- ասաց Կարախանյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ տան անդամները դադարեցնեն գործը, գյուղապետը չբացառեց.«Հնարավոր է, որովհետև այստեղ հարցը ոչ թե իրերն են, այլ անձինք, ովքեր նման բան են կատարել: Հնարավոր է, որ Աշոտ Բաբոյանը, ով գտնվում է Մոսկվայում, նման ցանկություն հայտնի»:

Հիշեցնենք, որ գործարարի հայրական տնից թալանել են կենցաղային տեխնիկա, թանկարժեք խմիչքների հավաքածուն և 5000 դոլար:

Tert.am-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնից ավելի վաղ հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ գողության հատկանիշներով: