Իրանի ոստիկանությունը վնասազերծել է ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 4 անձի

15:21 • 12.06.17

Իրանի ոստիկանությունը երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկում վնասազերծել է չորս զինված անձի, որոնք ենթադրաբար կապված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:


Ինչպես հայտարարել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ազիզոլա Մալեկին, ոստիկանները նաև առգրավել են չորս միավոր զենք, ավելի քան հարյուր փամփուշտ և պայթուցիկ նյութեր: Նրանց մոտ հայտնաբերվել է նաև «Իսլամական պետության» դրոշը:


Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են անձը հաստատող արտասահմանյան փաստաթղթեր, մյուս երկուսի ինքնությունը պարզվում է:


Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտնել էր, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:


Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել 3 ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները՝ հինգ հոգի, ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: