ՌԴ-ում բերման է ենթարկվել մի քանի հարյուր ցուցարար (տեսանյութեր)
Ռուսաստանում հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հարյուր ցուցարար բերման է ենթարկվել, հայտնում է korrespondent.net-ը: «ОВД-Инфо» իրավական օգնության նախագծի համակարգող Ալա Ֆրոլովայի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ:
Միևնույն ժամանակ «Бумага» պարբերականը հայտնում է Պետերբուրգում 150 բերման ենթարկվածի մասին:
«ОВД-Инфо»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում բերման է ենթարկվել ավելի քան 120 մարդ:
Սոչիում բերման է ենթարկվել հանրահավաքի առնվազն յոթ մասնակից: Կազանում, Նորիլսկում, Աբականում և Վլադիվոստոկում բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում իր տան մուտքի մոտ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:
Կիրակի երեկոյան ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել էր, որ չի գնա իշխանությունների հետ համաձայնեցված՝ Սախարովի պողոտայում կոռուպցիայի դեմ հանրահավաքին, այլ դրա փոխարեն կոչ է արել իր աջակիցներին միանալ Մոսկվայի կենտրոնում տոնական զբոսանքներին:
Այսօր կեսօրին Տվերսկայա փողոցում սկսվել է ընդդիմության չարտոնված հանրահավաքը: Ինչպես գրում է lenta.ru-ն, հանրահավաքի տեղափոխումը Տվերսկայա փողոց Մոսկվայի քաղաքապետարանը գնահատել է որպես սադրանք և հայտարարել է, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմության աջակիցների զբոսանքներին, եթե նրանք չպարզեն պաստառներ և չվանկարկեն կարգախոսներ:










