Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ վիզային ռեժիմին այլընտրանք է առաջարկել
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն առաջարկել է համակարգ ստեղծել, որով ռուսաստանցիները պետք է նախապես տեղեկացնեն երկիր այցելելու մտադրության մասին: Այդ մասին նա պատմել է «1+1» ազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ վիզային ռեժիմն անցյալում է մնում, բայց աշխարհում կենսաչափական անձնագրերով այս կամ այն պետություն մուտք գործելու կարգը միայն ամրապնդվում է:
«Դուք պատրաստվում եք մեկնել շատ երկրներ, և մտնում եք համացանց ու ասում՝ «ես հինգ օրից գնում եմ», հենց այդպես էլ իրականում Ռուսաստանի քաղաքացիները պետք է մեկնեն Ուկրաինա, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հարթակ և վերահսկել մուտքը, որպեսզի դա չլինի անվերահսկելի»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նա հավելել է, որ այդ համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կլինի մի քանի ամիս, իսկ այնուհետև այն հարկավոր կլինի ստուգել:
Կայքը հիշեցնում է, որ հունիսի 9-ին Կլիմկինը հայտարարել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատման հարցով ծրագրերի իրականացմանը:










