ԱՄՆ-ում ազատ են արձակել 17 տարի իր նմանակի պատճառով բանտում անցկացրած անմեղ քաղաքացուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ազատ են արձակել քաղաքացու, որը 17 տարի ստիպված է եղել անցկացնել բանտում՝ որևէ հանցանք չգործելով հանդերձ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
1999թ.-ին Ռիչարդ Ջոնսին դատապարտել են 19 տարվա ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի մեղադրանքով։
Ընդ որում՝ մեղադրանքը նրան առաջադրվել էր միայն ականատեսների վկայությունների հիման վրա։
Կալանավորված ամերիկացին այդպես էլ չի ընդունել մեղքը և դիմել է իրավապաշտպաններին։ Նրանց շնորհիվ պարզվել է, որ կողոպուտի իրականացման վայրից ոչ հեռու ապրում է ոմն Ռիկի, որն արտաքնապես շատ նման է Ջոնսին։
«Երբ ես տեսա իմ նմանակի նկարը՝ ամեն բան պարզ դարձավ ինձ համար», - ասել է դատապարտյալը։
Նոր դատական նիստի ընթացքում երկու տղամարդկանց նկարները ևս մեկ անգամ զննած վկաները հայտարարել են, որ այլևս վստահ չեն Ջոնսի մեղավորության հարցում։
Նոր դատական որոշմամբ 17 տարի բանտում անցկացրած Ջոնսն ի վերջո ազատ է արձակվել։













