18 տոկոս գործազրկություն ունենալը նշանակում է տնտեսական աճ չունենալ. Վահագն Խաչատրյան

21:37 • 12.06.17

Հայաստանում  2016 թվականի տվյալներով՝ 18 տոկոս գործազրկություն կա: Իսկ, ըստ պաշտոնական տվյալների, 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալների (01.03.2017թ. դրությամբ), Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար մարդ, որից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը՝ երիտասարդներ ու տղամարդիկ:

Այս պատկերը տնտեսագետ Վահագն Խաչատրյանին չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե նման իրականությունը վկայում է, որ ՀՀ-ում տնտեսությունն առանձնապես լավ չի աշխատում:

«Եթե անընդհատ նույն թիվն է՝17-ից 19 տոկոս է, նշանակում է՝ աճ չկա: Եթե շատ բարձր տեխնոլոգիաներ կիրառեն, օրինակ՝ ռոբոտատեխնիկայի և այլն, կհասկանանք, բայց, երբ մեզ մոտ դա չկա, գյուղատնտեսությունը նախնադարի մակարդակում է՝ տեխնիկական զինվածությամբ և աշխատանքի արտադրողականությամբ, սա արդեն ցուցիչ է»,- ասաց նա:

Հարցին՝ գործազրկության այս տվյալներով, որքանո՞վ է ճիշտ այլ պետությունից աշխատուժ բերել , Խաչատրյանը պատասխանեց՝ ասելով, թե ինքը ծրագրից շատ մանրամասներ չգիտի, սակայն եղածից էլ զարմացած է:

«Դժվար է ասել, թե 18 տոկոս գործազրկության պայմաններում ինչու են դրսից աշխատուժ բերում: Ստացվում է, որ  տոկոսների կրճատման մեջ լուրջ փոփոխության փոխարեն այլընտրանքային ճանապարհներ են մտածում: Թեպետ հնարավոր է, որ շատ էժան աշխատուժ է»,- ընդգծեց Խաչատրյանը:

Տնտեսագետն  այլ բանի վրա էլ ուշադրություն հրավիրեց՝ նա հացի սպառումով բնակչության թվաքանակի  հաշվարկներ է արել:

«Հացի արտադրությունն ուսումնասիրեցի և պարզվեց, որ մի շնչի համար սպառվում է 0.461 կգ, այսինք՝ 400 գրամ:  Երկու նորմատիվ կա հաշվելու, բայց  միևնույն է, ատացվում է, որ ազգաբնակչության թիվը կամ 1.7 մլն է  կամ 1.9: Այս թվաքանակով այդքան գործազրկությունն արդեն ինքն իր փոխարեն խոսում է»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան