Գերմանիայում չորս ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել (լուսանկարներ)
Գերմանական Համբուրգ քաղաքի թաղամասերից մեկում ոստիկանները ձերբակալել են «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս ենթադրյալ անդամի: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հատուկ գործողությունն անցկացվել է տեղական ժամանակով ժամը 4:30-ին: Հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 39-ից 51 տարեկան չորս տղամարդու: Ենթադրվում է, որ նրանցից երեքը հարազատ եղբայրներ են, իսկ չորրորդը նույնպես նրանց բարեկամն է:
Գերմանացի քննիչները ենթադրում են, որ 2012 թվականին նրանք միացել են «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը և Սիրիայի տարածքում մասնակցել կառավարական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններին:
Նշվում է, որ կասկածյալներին ազատազրկելու վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսի 13-ին անցկացվելիք դատի ժամանակ:














