Նավալնին 30 օրվա ադմինիստրատիվ ձերբակալման հրաման է ստացել՝ չարտոնված ցույցի կազմակերպման համար

05:52 • 13.06.17

ՌԴ գլխավոր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 30 օրվա ադմինիստրատիվ ձերբակալման հրաման է ստացել՝ չարտոնված ցույցի կազմակերպման համար, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Ոստիկանության խոսքերով՝ ընդդիմադիրն, ով այսօր հենց իր տան մուտքի մոտ ձերբակալվել էր, կարող է ազատ արձակվել միայն հուլիսի 12-ին՝ ուղիղ մեկ ամիս անց:


Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել էր, որ չի գնա իշխանությունների հետ համաձայնեցված՝ Սախարովի պողոտայում կոռուպցիայի դեմ հանրահավաքին, այլ դրա փոխարեն կոչ է արել իր աջակիցներին միանալ Մոսկվայի կենտրոնում տոնական զբոսանքներին:


Այսօր կեսօրին Տվերսկայա փողոցում սկսվել է ընդդիմության չարտոնված հանրահավաքը: Ինչպես գրում է lenta.ru-ն, հանրահավաքի տեղափոխումը Տվերսկայա փողոց Մոսկվայի քաղաքապետարանը գնահատել է որպես սադրանք և հայտարարել է, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմության աջակիցների զբոսանքներին, եթե նրանք չպարզեն պաստառներ և չվանկարկեն կարգախոսներ: