ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն այցելել է Վրաստան

12:11 • 13.06.17

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն այցելել է Վրաստան, հայտնում է apsny.ge-ն: 


Մադլեն Օլբրայթը, ով եղել է ամենաուժեղ և ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ իր ագրեսիվ քաղաքականության համար: Հենց նա է եղել առաջիններից մեկը, ով հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է քաղաքական գին վճարի հարևանների հետ պատերազմի համար:


Այժմ Մադլեն Օլբրայթն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահն է: Նա արդեն երկրորդ օրն է, ինչ այդ պաշտոնի շրջանակում հանդիպումներ է ունենում Թբիլիսիում:


Նրան նախագահական պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Շնորհակալություն հայտնելով Մարգվելաշվիլիին հյուրընկալության համար՝ Օլբրայթը նշել է, որ Վրաստանը միշտ օրինակելի է եղել մյուս երկրների շրջանում՝ տարիների ընթացքում անցնելով մի շարք փուլեր:


Մադլեն Օլբրայթն առաջին անգամ եղել է Վրաստանում 1994 թվականին: Այդ ժամանակ նա այցելել է Զուգդիդ՝ որպես ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչ: