Ավստրիայի բնակչուհին 90.000 եվրո փոխհատուցում կստանա ծննդատանն իրեն շփոթելու համար

13:37 • 13.06.17

Ավստրիայի 27-ամյա բնակչուհի Դորիս Գրուենվալդը, որը պատահականության արդյունքում պարզել է, որ իրականում իր ծնողների հարազատ երեխան չէ, ֆինանսական փոխհատուցում կստանա հիվանդանոցից, որտեղ բժիշկներն իրեն շփոթել են մեկ այլ երեխայի հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, 1990թ. ծնված աղջիկն արյան անալիզի միջոցով բացահայտել է, որ կենսաբանական ոչ մի կապ չունի ծնողների հետ:

«Ամբողջ մարմնով սկսեցի դողալ: Թվում էր, թե հողը գնում է ոտքերիս տակից»,-իր զգացողություններով կիսվել է աղջիկը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Գրուենվալդը դիմել է դատարան, և 5 տարի տևած դատական քաշքշուկից հետո վճռվել է, որ Գրացի համալսարանական հոսպիտալը պետք է աղջկան 90.000 եվրո փոխհատուցում վճարի:

Թեև հոսպիտալի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չէին կարող նման սխալ թույլ տալ, այնուհանդերձ՝ դատավճռում ասվում է, որ նորածինների շփոթումը տեղի է ունեցել հիվանդանոցում:

Աղբյուրը հավելում է, որ այժմ Գրուենվալդը չգիտի՝ ովքեր են իր ծնողները, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք մյուս երեխան պարզել է կատարվածի մասին: