Մյունխենի երկաթուղային կայարանում այսօր հնչած կրակոցները կապված չեն ահաբեկչության հետ. ոստիկանություն

12:44 • 13.06.17

Գերմանական Մյունխեն քաղաքում հրաձգություն իրականացրած անձը չի ունեցել ոչ մի քաղաքական կամ կրոնական շարժառիթ, նա գործել է անձնական դրդապատճառներից ելնելով: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Ինչպես հայտնել է Գերմանիայի ոստիկանությունը, Մյունխենի երկաթուղային կայարաններից մեկում երեքշաբթի տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:


Բավարական ռադիոն, վկայակոչելով ոստիկանությանը, ավելի վաղ հայտնել է, որ այն հավանաբար ահաբեկչական հարձակում չի եղել:


«Հանրությանը ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասել է ոստիկանության խոսնակը:


Հաղորդվում է, որ կրակողը նույնպես վիրավորվել է և ձերբակալվել:


Ականատեսները պատմել են, որ կասկածյալը խլել է ոստիկանի ատրճանակը և կրակել նրա վրա՝ վիրավորելով կայարանում գտնվող ևս մի քանի հոգու: