Պուտինը բացատրել է, թե ինչու երազում մղձավանջներ չի տեսնում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոստովանել է, որ վատ երազներ չի տեսնում, գրում է lenta.ru-ն:
ՌԴ ղեկավարի կարծիքով՝ մղձավանջների բացակայության հնարավոր պատճառները կարող են լինել սպորտով զբաղվելն ու ռազմական կոփվածությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օսկարակիր ռեժիսորը Պուտինի հետ հարցազրույցների հիման վրա ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է ՌԴ ղեկավարին ու պատմում է նրա մասին, ինչպես նաև ներկայացնում է Պուտինի կարծիքը տարբեր երևույթների ու դեպքերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը պատմել էր, որ երբեմն քննարկումներ է ունենում փեսաների հետ, քանի որ իրենք ինչ-ինչ հարցերի շուրջ տարակարծիք են լինում:
«Մենք չենք վիճում, ավելի շուտ քննարկում ենք, աղջիկներս ևս: Բայց նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ կամ խոշոր բիզնեսով: Նրանք զբաղվում են գիտությամբ, կրթությամբ»,-ասել է նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ շատ է սիրում թոռներին, սակայն ափսոսում է, որ բավականաչափ ժամանակ չունի նրանց հետ խաղալու համար:
Հոլիվուդյան ռեժիսորի հետ զրույցի ընթացքում Պուտինը խոսել է նաև ծնողների մասին՝ մանրամասնելով, որ նրանք նախքան իր ծնվելը 2 զավակ են կորցրել:










