Հայաստանյան կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին․ Տիգրան Թորոսյան (տեսանյութ)

12:05 • 13.06.17

Հայաստանյան կարևորագույն 2 խնդիրներն են բազմակուսակցական համակարգի կայացումը և մասնագիտական հանրության կայացումն ու համագործակցությունը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ով այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» վերլուծաբանների աշխատանքային խմբի անդամ է։

Տիգրան Թորոսյանն ընդգծեց, որ իր համար զարմանալի չէր, որ խորհրդարանում այս անգամ ավելի քիչ կուսակցություններ հայտնվեցին։ Ըստ նրա՝ կուսակցությունների խոշորացումն էլ փոփոխությունների չի հանգեցնի։

«Ցանկացած ինքնանպատակ բան որևէ բան չի կարող փոխել: Կուսակցությունները պետք է իրենք կայանան: Ուզում եմ հիշեցնել, որ մեկ անգամ դա եղավ, սակայն շատ կարճ ժամանակում թիվը հասավ 100-ի: Բայց հարցրեք հանրությանը, թե քանի կուսակցություն են ճանաչում: Կտեսնեք, որ եթե մարդը մեկ տասնյակ ճանաչում է, ուրեմն նա որևէ մասնագիտական տիրույթից է: Տեսեք՝ խորհրդարանում այս անգամ ավելի քիչ թվով կուսակցություններ հայտնվեցին: Ինձ համար ակնկալելի էր՝ հաշվի առնելով կուսակցությունների դիրքորոշումները, ծրագրերը, նաև մասնագիտական կարծիքի պակասը»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը,թե դաշինքների ձևավորման արդյունքում  խորհրդարանում մեկ խմբակցության մեջ հայտնվել են բոլորովին տարբեր մոտեցումներ ունեցող անձիք և խմորումներ կան, Տիգրան Թորոսյանն ասաց․ «Կարող եք 10 բան իրար գումարել, բայց չունենալ մեկ ամբողջական որևէ բան: Շատ կարևոր է, թե ինչը ինչի հետ ես համադրում ու ինչ ես ակնկալում: Ցավոք սրտի, հայաստանյան կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին, բայց հաճախ մեծ պակաս ունեն գիտելիքների ու մասնագիտական հմտությունների»,- շեշտեց նա։

Տիգրան Թորոսյանն ասաց, որ չի ցանկանում մանրամասն անդրադառնալ նոր խորհրդարանին, նրա աշխատանքներին, կխոսի «Անալիտիկ խորհուրդ»-ի մասին։

«Առանց դրա արդյունավետ որևէ լուծում պարզապես հնարավոր չէ ակնկալել, որովհետև մեր ժամանակներում կյանքն ու խնդիրները չափազանց բարդ են, և պետք է մասնագիտական խորհուրդ: Իհարկե, պետք չէ մտածել, որ մասնագետներն ասելու են, իսկ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էլ կատարելու են, ոչ, այդպես չէ, բայց տարբերակները, հնարավորությունները պետք է մասնագետները ներկայացնեն»,-շեշտեց  նա:

Ըստ նրա՝ նմանատիպ այլ հարթակները, որտեղ հրավիրված են լինում տարբեր մասնագետներ կուսակցությունների քննարկման համար, ինչպես նաև օրինակ՝ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցն, արդյունավետ կլինեն: Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ մեկ անգամ  դասավանդել է նաև ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում. «Ես պատրաստ եմ ցանկացած կուսակցության հետ համագործակցելու, եթե այն իմ մասնագիտական գիտելիքների կարիքը կունենա»,-շեշտեց  նա: