Ինդոնեզիայի օդանավակայանում երկու ինքնաթիռ դիպել են միմյանց թևերով (լուսանկարներ)
Ինդոնեզական Lion Air բյուջետային ավիաընկերության և A Wings դուստր ընկերության ինքնաթիռները թռիչքուղու վրա դիպել են միմյանց թևերով: Այս մասին հայտնում է Straits Times թերթի համացանցային տարբերակը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաքի Կուալանամու օդանավակայանում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը վայրէջք իրականացնելիս է եղել, երբ A Wings-ի ATR-74 ինքնաթիռն արդեն գտնվել է թռիչքուղու սկզբնամասում, որի վրա իջնելիս է եղել Boeing-ը: Երկու ինքնաթիռները վնասվել են, սակայն ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:
Միջադեպի հետևանքով 20 րոպեով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:
Պարբերականը գրում է, որ բյուջետային ավիացիայի արագ զարգացման և լոուքոստեր ընկերությունների չվերթների աճի հետևանքով ինդոնեզական օդանավակայանների բեռնվածությունը մի քանի անգամ աճել է:
Հայտնի է, որ 2017 թվականի ընթացքում ինդոնեզացի դիսպետչերները բազմիցս նախազգուշացրել են ինքնաթիռների բախման բարձր ռիսկի մասին, որի պատճառը մեկնող և ժամանող չվերթների թվի կտրուկ ավելացումն է։












