Գարեգին Թոսունյանն ասել է՝ որ դեպքում կարող է հեռանալ Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի պաշտոնից
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի հրաժարականի մասին որոշումը կայացնում է կազմակերպության համագումարը: Այդ մասին հայտարարել է ասոցիացիայի ներկայիս ղեկավար Գարեգին Թոսունյանը, հայտնում է Rambler News Service-ը:
«Դա բացառապես համագումարի լիազորությունն է: Համագումարը կարող է արտահայտել այդ առնչությամբ իր կարծիքը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում մի շարք վարկային կազմակերպություններ, ութ խոշոր բանկերի հետևելով, պատրաստվում են դուրս գալ Ռուսաստանի բանկերի ասոցիացիայից։ Պատճառ է նշվում ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ անհամաձայնությունն ու նրա՝ կամավոր կերպով պաշտոնից չհեռանալը:
Թոսունյանի քաղաքականության հետ չհամաձայնվողները մտադիր են անցնել «Ռոսիա» ասոցիացիա՝ այն արմատապես բարեփոխելով:
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի ղեկավարը «Կոմերսանտին» ասել էր, որ ասոցիացիայում տեղի ունեցող իրադարձությունները պատճառ չեն ասոցիացիայում բարեփոխումներ անելու համար:
«Եվս մեկ անգամ կարող եմ ընդգծել՝ դա յուրաքանչյուր բանկի իրավունքն է։ Ցանկացած նման հեռացում, անկասկած, մեծ ափսոսանք է, սակայն մենք դեռ չենք պլանավորում ինչ-որ կերպ բարեփոխել մեր ասոցիացիան, իսկ ես կմնամ նախագահի պաշտոնում»,- ասել է նա։
Ութ խոշորագույն ռուսական բանկեր՝ Сбербанк-ը, ВТБ-ն, ВТБ24-ը, Россельхозбанк-ը, Газпромбанк-ը, Альфа-банк-ը, «ФК Открытие»-ն ու Бинбанк-ը, հուլիսին հայտնել էին Ռուսաստանի բանկերի ասոցիացիայից դուրս գալու մասին՝ մի շարք հարցերի, այդ թվում՝ բանկային ոլորտը «մաքրելու» վերաբերյալ Կենտրոնական բանկի գործունեության հետ կապված ասոցիացիայի դիրքորոշման պատճառով:
Բանկերի անհամաձայնությունն առաջացրել են այս տարվա մարտին ասոցիացիայի համագումարում ներկայացված տարեկան զեկույցում պարունակող մի շարք կետերը:










