Երևանում 34-ամյա կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է ամուսինը

13:35 • 04.08.17

Օգոստոսի 3-ին Երևանի Թումանյան փողոցի տներից մեկում 34-ամյա կնոջ դիի հայտնաբերման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից. «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Մեկ տղամարդ ձերբակալվել է»:

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ կետը սահմանում է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնությունների: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով: Ձերբակալվածը ամուսինն է: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել է 34-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով: