Փհենյանի դռները բաց են ամերիկացի զբոսաշրջիկների առաջ. Հս. Կորեայի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Պետդեպի արգելքի

14:30 • 04.08.17

Փհենյանի դռները բաց են օտարերկրացի զբոսաշրջիկների առաջ, նրանք իրենց անվտանգության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԿԺԴՀ ամերիկացի քաղաքացիների այցելությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արգելքի առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք միշտ բաց կպահենք դռներն ԱՄՆ ցանկացած քաղաքացու առաջ, ով կցանկանա այցելել մեր երկիր բարի կամքով և տեսնել այն սեփական աչքերով»,- ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության կողմից հրապարակված ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:


Նրա խոսքով՝ օտարերկրացիները չունեն ոչ մի պատճառ ԿԺԴՀ-ում իրենց անվտանգության համար վախենալու համար: Ինչ վերաբերում է այդ երկրում ձերբակալված որոշ ամերիկացիների, «նրանք թշնամական գործողություններ են իրականացրել և պատիժ են ստացել երկրի օրենքներով», նշել է դիվանագետը, որի անունը չի նշվում:


ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է Հյուսիսային Կորեայում գտնվող ամերիկացիներին մինչև սեպտեմբերի 1-ը հեռանալ այդ երկրից՝ «ձերբակալության լուրջ վտանգի» պատճառով: Բացի այդ, Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիների անձնագրերն այլևս չեն գործի ԿԺԴՀ այցելության դեպքում: