ԱՄՆ պատժամիջոցները ևս մի արդարացում են միջուկային ծրագիրը զարգացնելու համար. Հս. Կորեայի ԱԳՆ

09:49 • 04.08.17

Միացյալ Նահանգների կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ չորեքշաբթի սահմանված պատժամիջոցները ևս մի արդարացում են երկրի կողմից միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Հս. Կորեայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գրոծակալությունը։


«ԱՄՆ պատժամիջոցները միայն կրկնապատկել են առաջնորդի շուրջ համախմբված մեր ժողովրդի ու բանակի անկոտրում ոգին և ինքնորոշման ու ինքնազարգացման նրանց՝ չափման ոչ ենթակա ձգտումը, և ավելացրել են ԿԺԴՀ պաշտպանունակությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


Նաև նշվել է, որ «ԿԺԴՀ-ն խստորեն դատապարտում է և մերժում ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները»։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ: Փորձագետների կարծիքով՝ հրթիռը մինչև Նյու Յորք հասնելու և քաղաքին հարվածելու հնարավորություն կարող է ունենալ:


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։ 


Հուլիսի սկզբին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հրթիռն անցել էր հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:


Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:


Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: