Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին այցելել է Լեհաստան (տեսանյութ)

15:20 • 04.08.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով վերջերս է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից, մեկնել է Լեհաստան, հայտնում է korrespondent.net-ը՝ Telewizja Republika-ին հղումով։


Սաակաշվիլին ելույթ է ունեցել Վարշավայի ապստամբության տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Նա խոսել է Վրաստանի և Լեհաստանի համագործակցության մասին, ինչպես նաև՝ Ուկրաինայի։


Սաակաշվիլիի մամուլի ծառայությունում խոստացել են մինչև օրվա վերջ բացատրել՝ ինչպես է Սաակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել Լեհաստան։


Հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում: Սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: