Դուք միտումնավոր թույլ չեք տալիս իմ պաշտպաններին ներկայանալ դատական նիստին. Ժիրայր Սեֆիլյանը՝ դատավորին

12:15 • 04.08.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի  քրեական գործով  դատական նիստի մեկնարկին կրկին փաստաբանները խուզարկվում էին:  

Նիստի մեկնարկին դատավոր Տաթև Գրիգորյանն արձանագրեց, որ երեք և ավելի նիստն անընդմեջ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը չեն ներկայանում դատական նիստերին: Արա Զաքարյանից գրություն կար, որ մասնակցում էլ այլ, նախապես պլանավորած նիստերի:

«Պաշտպանյալի հետ պայմանագիր կնքելիս էլ փաստաբանը, տվյալ դեպքում Արա  Զաքարյանը պետք է հաշվի առնի իր զբաղվածությունը, ինչը նախատեսված է օրենքով»,- ասաց դատավորը:

Դատարանի կարգադրությամբ նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, ով դատարանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից:

Ժիրայր Սեֆիլյանին դատավորը հարցրեց, թե արդյոք ունի այլ պաշտպան, ով կպաշտպանի իր շահերը և իր նկատմամբ դատական սանկցիա կիրառված լինելու ժամանակ ներկա կլինի դատական նիստին: Դատարանն արձանագրեց, որ Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը չեն ներկայանում դատական նիստերին:

«Իմ պաշտպանները չեն բացակայում, Դուք մի ընդհատեք ինձ: Իմ պաշտպաններին Դուք եք արգելում, որ ներկա լինեք, Դուք չեք ուզում նորմալ դատաքննություն: Դուք միտումնավոր թույլ չեք տալիս նրանց ներկա լինեն նիստերին: Իմ բացակայության ժամանակ որևէ պաշտպան իրավունք չունի այստեղ լինելու»,- ասաց Սեֆիլյանը:

Սեֆիլյանը հեռացվեց նիստերի դահլիճից, դատական նիստն ընդմիջվեց: