Համահայկական բանկի փակման վնասը ոչ միայն գումարով պետք է չափել, այլ նաև Սփյուռքի վստահությամբ, որը կորցրել ենք. Թաթուլ Մանասերյան
Վնասը ոչ միայն գումարով պետք է չափել, այլ նաև Սփյուռքի վստահությամբ, որը մենք կորցրել ենք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Համահայկական բանկի փակման մասին տեղեկությանը, որը գործունեության 6 տարիների ընթացքում վաստակել էր ընդամենը 75 000 դոլար:
Նշենք, որ օրերս Կենտրոնական բանկը տարածել էր տեղեկություն Համահայկական բանկի վերակազմավորման մասին, որը դառնում է ներդրումային հիմնադրամ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ այդ վերափոխման պատճառն արդյունավետության առավել բարձր մակարդակի հասնելն է:
Թաթուլ Մանասերյանը նախ հաստատեց, թե Համահայկական բանկի գաղափարը բազմիցս և վաղուց արծարծվել է՝ որպես Հայաստանի և Սփյուռքի գործարար շրջանակների համագործակցության պահանջարկված կառույց, որը ձախողեց մի քանի պատճառներով:
«Բայց, ըստ էության, տարիների ընթացքում կառույցի չգոյությունն ու անհաջողությունը, համապետական բանկի գաղափարին ոչ արժանի մանր-մունր, ոչ սազական գործառույթները արժեզրկեցին գաղափարը: Եվ դրա հետևանքով, և նաև մի շարք այլ գործոնների հետևանքով սփյուռքը չստացավ այն ակնկալիքները, ինչ նախկինում ուներ և սպասում էր որոշակի հստակ քայլերի»,-ասաց նա:
Տնտեսագետը՝ որպես մեկ այլ պատճառ, նշեց Համահայկական բանկի կառավարման թերացումը:
«Չեմ ուզում անձնավորել, բայց չեմ էլ բացառում նաև կարևոր հանգամանք, թե ով է կառավարում Համահայկական բանկը: Որևէ պիտակ չեմ ուզում այս պահին ներկայացնել, բայց ակնհայտ է, որ կառավարչի անկարողությունը՝ և՛ մասնագիտական առումով, և՛ ծրագրեր ներգրավելու առումով, և՛ սփյուռքի կողմից, մեղմ ասած, ոչ հեղինակություն վայելող անձի պայմաններում շատ ավելի վատ հեղինակություն ձեռք բերեց: Մեծ իմաստով՝ այդ գաղտնիությունը, անհեթեթ հաշվետվությունները, մի քանի տարի վաղեմությամբ կայքէջում ոչ պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելը, չհիմնավորված բարձր աշխատավարձերը և ծախսերն այն գործոններից են, որ բերեցին դրան»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ Համահայկական բանկին պետք է տրվեր Զարգացման բանկի կարգավիճակը: «Բայց իրենք նեղություն չեն էլ կրել ուսումնասիրել միջազգային փորձը, իսկ այդպիսի ուսանելի օրինակներ բազմաթիվ են՝ Իռլանդիայում, Չինաստանում և բազմաթիվ այլ երկրներում: Այսինքն՝ կարծում եմ, որ այս դեպքում անձի և կառավարիչների գործունեության արդյունք է, բայց նաև պետք է նկատել, որ պետությունն էլ ժամանակին չի դադարեցրել այդ անպտուղ գործունեությունը, երբ անարդյունավետ աշխատանքն ուղղակի ակնհայտ էր: Ակնհայտ էր, որ պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներն էլ ժամանակին և տեղին չեն օգտագործվել, այլապես այդ 6 տարիները չէին վատնվի»,-ասաց նա և նշեց,թե ԿԲ-ն ձեռնարկել է տրանսֆորմացիայի գործընթացը և պետք է սպասել, թե ինչ է նախատեսվում:
Հարցին՝ համակարծի՞ք է այն դիտակումներին, թե Համահայկական հնչեղ անունով բանկը, փաստորեն, չուներ հաշվարկներ և ունեցած կապիտալով չէր կարող մեծ տնտեսական գործունեություն ծավալել, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Կարծում եմ, ընդամենը բարձր մակարդակի խաբեություն է եղել՝ խոստումների մակարդակով, թե՝ կկառուցենք Նյու-Վասուկի, թույլ տվեք ստանալ կառավարչի պաշտոնը, որը թեև թափանցիկ ներկայացված չէ, բայց առանձին հրապարակումներով միայն 17- 20 000 ամսական դոլար աշխատավարձ ստացող կառավարիչն ակնհայտ ոչ թե թերացել են, այլ պետք է պետությունը պատասխանատվության ենթարկի և հաշվետվություն պահանջի»:
Հիշեցնենք, որ Համահայկական բանկը մեծ հանդիսավորությամբ բացվել է 2011թ-ին՝ նպատակ հռչակելով նպաստել հայաստանյան արտադրող և արտահանող ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև սփյուռքահայ ներդրողների ձեռնարկատիրական գործունեությանը Հայաստանում: Համահայկական բանկը գործել է մոտ 6 տարի: Այն ղեկավարել է Հայաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանը:










