Charlie Hebdo-ն Բարսելոնայի ահաբեկչությանը նվիրված ծաղրանկար է հրապարակել
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը Բարսելոնայի ահաբեկչությանը նվիրված ծաղրանկար է հրապարակել. շաբաթաթերթի կայքում ծաղրանկար է հայտնվել, որում պատկերված է ճմռթված դիմային մասով սպիտակ ֆուրգոնը:
Ծաղրանկարում պատկերված ֆուրգոնի մոտ ցլամարտիկ է կանգնած, որը մի ձեռքով բռնել է գլուխը, իսկ մյուսով՝ կարմիր կտոր: Ընդ որում՝ ֆուրգոնի անվադողերի և տանիքի մեջ սրեր են խրված, որոնցից օգտվում են ցլամարտի մասնակիցները:
Ծաղրանկարն ուղեկցում է «Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցականի տակ է» գրությունը:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:
Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:
Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ կասկածյալներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:
Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունները 15 մարդու կյանք են խլել և վնասվածքներ են հասցրել 100-ից ավելի մարդու:











