Մեր գործունեության արդյունքում կարմիր գծերի թանկացումը եղավ 2 դրամով, դրա համար նաև մի փոքր նախանձ կար մեր նկատմամբ. «Ելք»-ի ավագանու անդամներ
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով «Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 2-ամսյա գործունեությունը ասաց, որ լուրջ գլոբալ և համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում լուծում չեն ստանում: «Իհարկե ուրախալի է, որ «Ելք» խմբակցությունից նման սպասումներ կան, բայց պետք է հաշվի առնել թե ավագանու անդամները ինչ լիազորություններ ունեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենց ավագանու անդամները ակտիվ մասնակցում են տրանսպորտի վերաբերյալ քննարկումներին: «Շատ տարօրինակ է, որ քչերն ուշադրություն դարձրեցին, որ կարմիր գծերի վճարների թանկացման դեմ պայքարում մենք ներգրավված էինք և նաև մեր գործունեության արդյունքում այդ թանկացումը տեղի չունեցավ կամ երկու դրամով թանկացավ»,-ասաց նա:
Անդրադառնալով Վերնիսաժում հնչող երաժշտության սահմանափակման առաջարկությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ առաջարկը առաջացրեց նույն մուղամի, անճաշակ երաժշտության կողմնակիցների բուռն ցասումը, որոնք, ըստ նրա, առաջարկությունը ամբողջությամբ չեն ընթերցել: «Այդ փաստաթուղթը, որ ես հրապարակել եմ կոնկրետ Վերնիսաժին և այնտեղ հնչող երաժշտությանն է վերաբերում: Վերնիսաժը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնող օբյեկտ է և միջավայր ձևավորելու խնդիր ունի, քանի որ առաջնահերթ հենց զբոսաշրջիկներն այնտեղ այցելում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ավտոբուսներում այլ երկրների դրոշները փակցնելու արգելքի առաջարկին, ապա ավագանու անդամն ասաց, որ բոլոր երկրներում էլ դա արգելվում է:
Երևանի «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ Սերգեյ Ղահրամանյանը կարմիր գծերի թանկացման դեմ պայքարի վերաբերյալ ասաց, որ բոլորը ուզում էին, որ չթանկանա, բայց չէին ուզում, որ «Ելքի» սատարումով լինի: «Ուզում էին չեզոք ուժ գա, վերացնի և մի փոքր էլ նախանձ կար»,-ասաց նա:
Նա նշեց, որ, երբեմն, իշխանության հետ հակադարձումները բերում են համագործակցության, որը դրական լուծում է ստանում՝ ի նպաստ քաղաքացու: «Խնդիրները, որոնք այսօր ունենք իրենք էլ են գիտակցում, մենք էլ գիտակցում ենք, սակայն իրենց մոտ լուծելու այդ ցանկությունը չկա: Երբ առաջարկություն է լինում միանգամից չեն արձագանքում և անցնում է մի որոշ ժամանակ և ասում են՝ ճիշտ է»,-հավելեց նա:










