Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները պարզվել են. կասկածյալը ձերբակալվել է

17:44 • 22.08.17

 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., ով հայտնել էր, որ  նույն օրը փողոցում փորձել են հափշտակել իր պարանոցի շղթան, դիմադրել է, որի ժամանակ էլ դանակահարվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է  տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի իրական հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ  իրականում որևէ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, և նա ծանր մարմնական վնասն ստացել է վիճաբանության ընթացքում: Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողը մասնավոր զրույցներում կարծիք է հայտնել, թե իր կորած հեռախոսն իրականում գողացել է համաքաղաքացին՝ ծնված 1989թ., ինչի մասին վերջինս իմացել է և պարզաբանումներ պահանջել։ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ 1985թ. ծնված տղամարդը դանակահարվել է։

Կասկածյալը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: