Johnson & Johnson-ը 417 մլն դոլար կվճարի տալկի պատճառով քաղցկեղով հիվանդացած ամերիկուհուն

14:40 • 22.08.17

Սանիտարահիգիենիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Johnson & Johnson ամերիկյան ընկերությունը Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ պարտավոր է 417 մլն դոլար վճարել մահացու հիվանդ Եվա Էչևերիային, որն ընկերության արտադրած տալկը տարիներ շարունակ օգտագործելու պատճառով ձեռք է բերել ձվարանների քաղցկեղ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ներկայացված հայցում կինը պնդել է, որ Johnson & Johnson-ն իր գնորդներին չի տեղեկացրել, որ երկարատև օգտագործման դեպքում տալկը քաղցկեղի առաջացման վտանգ է ներկայացնում:

Էչևերիայի փաստաբան Մարկ Ռոբինսոնը հույս է հայտնել, որ հետայսու ընկերությունն իր արտադրանքի վրա կանի համապատասխան նախազգուշացումներ:

«Տիկին Էչևերիան մահամերձ է, բայց այս ամենը չի անում մարդկանց խղճահարությանն արժանանալու համար: Նա ցանկանում է հավանական վտանգի վերաբերյալ նախազգուշացնել մյուս կանանց»,-ասել է Ռոբինսոնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 63-ամյա կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ էր հայտնաբերվել 2007թ.: Դատավարության ընթացքում պարզ էր դարձել, որ նա 40 տարի շարունակ՝ սկսած 11 տարեկանից, Johnson & Johnson-ի տալկ է օգտագործել:

Էչևերիան նշել էր, որ եթե իմանար, թե ինչ վտանգ է ներկայացնում տալկը, չէր օգտագործի այն: