Դանիայում անհետացած լրագրողու որոնումներն ավարտվել են. մարմինը հայտնաբերել են առանց գլխի

23:45 • 22.08.17

Կոպենհագենի ափամերձ ջրերում կնոջ մարմին է հայտնաբերվել՝ առանց գլխի և վերջույթների, սակայն ոստիկանությունը վաղ է համարում հաստատել, որ հայտնաբերված մարմինը պատկանում է վերջերս անհետացած լրագրողուհի Քիմ Վալին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մարմինը հայտնաբերել է ափամերձ շրջանով անցնող հեծանվորդը, որն էլ ոստիկաններին է դիմել:

Վալին վերջին անգամ տեսել են գյուտարար Փիթեր Մադսենի սուզանավում օգոստոսի 10-ի երեկոյան: Լրագրողուհին հոդված էր  պատրաստում Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին:

 Մադսենին ոչ կանխամտածված սպանության մեղադրանք են ներկայացրել: Վերջինս երկուշաբթի դատարանում հայտարարել է, որ Վալը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, և ինքը «թաղել է» նրան ծովում:

46-ամյա գյուտարարը հայտնել է, որ մարմինը ծովին է հանձնել Կոպենհագենի հարավային ծովախորշում: Մարմինը որոնելու մեկնել են սուզորդներ, ուղղաթիռներ և փրկարարական նավեր, որոնք ուրբաթ օրվանից որոնումներ են իրականացնում: