ՌԴ-ում հետախուզում են հայտարարել փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոնի սպանության համար կասկածվող ադրբեջանցու նկատմամբ (տեսանյութ)

16:12 • 22.08.17

Ռուսաստանում դաշնային հետախուզում են հայտարարել ադրբեջանցու նկատմամբ, որը կասկածվում է փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն Անդրեյ Դրաչովի սպանության համար: Այդ մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի Խաբարովսկի երկրամասի քննչական գլխավոր վարչության կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Կիրակի Խաբարովսկի կենտրոնում «Գալերեա» սրճարանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել երկու տղամարդու միջև: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ փաուերլիֆթինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անդրեյ Դրաչովը, մի քանի հարված է ստացել և կորցրել գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Ծեծկռտուքի երկրորդ մասնակիցը, ով նույնպես մարզիկ է, փախել է դեպքի վայրից:


Նշվում է, որ հանցագործության իրականացման համար կասկածվում է Ամուրսկի բնակիչ, ադրբեջանցի Անար Ալլահվերանովը:


Ինչպես նշվում է հաղորդագրությունում, իրականացվում են մասշտաբային օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու ձերբակալության համար։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: