ԱՄՆ-ում տղամարդուն մահապատժի են դատապարտել՝ անտեսելով նրա անմեղության ապացույցը

09:41 • 23.08.17

ԱՄՆ Միսուրի նահանգում դատարանը մահապատժի է դատապարտել սպանության համար մեղադրվող 48-ամյա  Մարսելուս Ուիլյամսին՝ չնայած, որ նրա անմեղությունն ապացուցող նոր փաստեր են ի հայտ եկել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապատիժը պետք է իրականացվեր օգոստոսի 22-ի երեկոյան, սակայն դրանից մի քանի ժամ առաջ նահանգապետ Էրիկ Գրիթենսը կարգադրել է չիրագործել վճիռը:

Ուիլյամսի պաշտպանությունը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ կոչ անելով չեղարկել վճիռն ու ուսումնասիրել մեղադրյալի գործով ի հայտ եկած նոր ապացույցները, որոնք փաստում են, որ աֆրոամերիկացին սպանություն իրագործողը չէ: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ ԴՆԹ փորձաքննությունը սպանության գործիքի վրա չի հայտնաբերել կասկածյալին պատկանող կենսաբանական ծագման հետքեր:

«Յուրաքանչյուր արդար մարդ, նայելով այս ապացույցին, կարող է փաստել, որ Ուիլյամսը մեղավոր չէ: Ինչ աստիճան անմեղ պետք է լինի մարդ, որ խուսափի մահապատժից»,-իր վրդովմունքն է հայտնել նրա փաստաբաններից մեկը:

Մինչդեռ նահանգի գլխավոր դատախազությունը պնդում է, որ մահապատիժը պետք է իրականացվի՝ հիմնվելով Ուիլյամսի մեղքն ապացուցող առկա նյութերի վրա:

Միսուրիի նահանգապետը պատրաստվում է թոշակի անցած 5 դատավորի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել ու նրանց օգնությամբ պարզել՝ արժե Ուիլյամսին մահապատժի ենթարկել, թե ոչ:

Հայտնի է, որ Մարսելուս Ուիլյամսը բանտում է գտնվում 1998թ.: Նա մեղադրվում է լրագրող Ֆելիսիա Գեյլի սպանության համար: Կնոջ՝ դանակի 43 հարվածով դին հայտնաբերվել է սեփական տանը: