Իսպանիայի թագավորը մասնակցել է Բարսելոնայում ահաբեկչության դեմ երթին

17:17 • 27.08.17

Իսպանական Բարսելոնա քաղաքում մոտ 500 հազար մարդ մասնակցել է ահաբեկչության դեմ երթին, հայտնում է Reuters գործակալությունը: Երթին են միացել նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպի VI-ը, վարչապետ Մարիանո Ռախոյը, շրջանային իշխանությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:


Երթը տեղի է ունեցել «Ես չեմ վախենում» կարգախոսի ներքո և նվիրված է եղել օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին:


Երթն առաջնորդել են Լաս Ռամբլաս փողոցի խանութների սեփականատերերը և բնակիչները:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  


Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել էր 1 զոհի մասին։ Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:


Բացի դրանից՝ նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:


Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունները 15 մարդու կյանք են խլել և վնասվածքներ են հասցրել 100-ից ավելի մարդու: