Տեխասում զույգը մեկուկես տարում 3 անգամ չեղարկել է հարսանիքը ջրհեղեղների պատճառով

18:28 • 27.08.17

Անցած տարվա ապրիլից ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բնակվող զույգը երեք անգամ պլանավորել է հարսանեկան արարողություն անցկացնել, սակայն ամեն անգամ նրանց պլանները խափանվել են ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջենի Սուարերսը և Դասթին Մորգանը փորձում են ամուսնանալ 2016 թվականի ապրիլից: Նրանք ծանոթացել են դպրոցում և սկսել հանդիպել մոտ 5 տարի առաջ: Նշանադրությունից հետո նրանք մի ամբողջ տարի պլանավորել են իրենց երազանքների հարսանիքը, սակայն նրանց պլանները խափանվել են, երբ Սաբին գետը դուրս է եկել ափերից: 

Հարսնացուի խոսքով՝ միջոցառման անցկացման վայրում ջրի բարձրությունը հասել է մոտ 2 մետրի: Զույգը որոշել է հետաձգել արարողությունը մեկ տարով և անցկացնել այն նույն վայրում: 

Երկրորդ անգամ հարսանիքը չեղարկվել է այն պատճառով, որ բանվորները չեն հասցրել վերականգնել նախորդ տարվա ջրհեղեղի հասցրած վնասները: 

Նշվում է, որ հարսանեկան արարողությունը պետք է կայանար շաբաթ օրը Հյուսթոն քաղաքում: Զույգը 150 մարդ է հրավիրել, սակայն «Հարվի» փոթորկի մասին լուրերի պատճառով հրավիրվածների թիվը նվազել է մինչև 40, այնուհետև մինչև 15 մարդ: Ավելի ուշ քահանան նույնպես հրաժարվել է մասնակցել արարողությանը: 

«Երբ քահանան հայտնեց չեղարկման մասին, մենք որոշեցինք ուղղակի զանգահարել նրան Skype-ով: Սակայն գիտեինք, որ պետք է չեղարկենք ամբողջ արարողությունը: Հասկացանք, որ «Հարվին» հաղթել է», - պատմել է հարսնացուն: 

Հիշեցնենք, որ փոթորիկը Տեխաս է հասել նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հայտարարել է աղետի ռեժիմ: Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում: Նախնական տվյալներով՝ փոթորկի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: