Չպիտի մտնեինք այդ գործի մեջ. «Իգլա»-ի գործով ամբաստանյալները չեն ընդունում կամ դիրքորոշում չեն հայտնում իրենց առաջադրված մեղադրանքների շուրջ
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:
Ամբաստանյալներ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը դիրքորոշում չհայտնեց, իսկ Ժորա Զաքարյանն ասաց, որ մեղադրանքն ընդունում է մասամբ:
Դատավորի հարցին՝ ո՞ր արարքն է ընդունում, որը՝ ոչ, Ժորա Զաքարյանը պատասխանեց. «Դե, որ մտանք այդ գործի մեջ, չպիտի մտնեինք»:
Դատավորի դիտարկմանը, թե այդ պատասխանով հասկանալի չէ՝ ինչն է ընդունում, ինչը՝ ոչ, ամբաստանյալն արձագանքեց. « Դիրքորոշում չունեմ»:
Անդրանիկ Քոչարյանն ու Կարեն Քոչարյանն իրենց առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով անցնում է յոթ ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:










