Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ հակամարտության վրա. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

20:11 • 28.08.17

Բոլոր պարագաներում հոգևոր առաջնորդների հանդիպումը, բացի այն, որ կարող է դրական արդյունքներ տալ, համենայնդեպս, բացասական ազդեցություն գործընթացի վրա չի կարող ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Շատ կարևոր է, որ հոգևոր առաջնորդներն իրենց հասարակությունների հետ աշխատեն: Ես չեմ կարծում, որ նրանք քաղաքական կամ ռազմական որոշում կարող են կայացնել, ուղղակի շատ կարևոր է, որ և՛ Փաշազադեն, և՛ մեր Վեհափառ Հայրապետը իրենց հասարակություններին խաղաղության կոչեր անեն»,- նշեց նա:

-Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են և օրակարգը մեկն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղությունը: Նախնական տեղեկություններով՝ երկրների հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ: Կարելի՞ է ասել, որ մտնում է մեկ այլ ձևաչափ՝ հոգևոր առաջնորդների բաղադրիչով:

-Բոլոր պարագաներում հոգևոր առաջնորդների հանդիպումը, բացի  այն, որ կարող է դրական արդյունքներ տալ, համենայնդեպս, բացասական ազդեցություն գործընթացի վրա չի ունենա: Նման հանդիպումներ էլի եղել են: Եթե չեմ սխալվում՝ 2003-2004 թթ. Մոսկվայում կազմակերպվեց հոգևոր առաջնորդների քառակողմ հանդիպում՝ Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Միայն կարող եմ ասել, որ այս հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ: (ՀՀ և ԱՀ հոգևոր առաջնորդների մակարդակով առաջին հանդիպումը կայացել է 1993 թվականին՝ Շվեյցարիայում՝ Վազգեն Վեհափառի մասնակցությամբ, իսկ վերջին հանդիպումը 2011 թվականին-ԽՄԲ):

-Ի՞նչ կարող են անել հոգևոր առաջնորդները, որ չեն կարողանում անել 2 կողմերի դիվանագետները՝ ներառյալ Մինսկի խումբը:

-Շատ կարևոր է, որ հոգևոր առաջնորդները իրենց հասարակությունների հետ աշխատեն: Ես չեմ կարծում, որ նրանք քաղաքական կամ ռազմական որոշում կարող են կայացնել, ուղղակի շատ կարևոր է, որ և՛ Փաշազադեն, և՛ մեր Վեհափառ Հայրապետը իրենց հասարակություններին կոչ անեն:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն օրերս ներկայացրեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման 6 հիմնական կետերը, որոնցում մի շարք ձևակերպումներից  հայ հասարակությունը ինչ-որ առումով ցնցվեց: Նաև տպավորություն է, որ դա դուր չեկավ մեր իշխանություններին, ինչի կապակցությամբ ամերիկյան կողմը մի քանի անգամ պարզաբանեց, որ սա տարիներ շարունակ բանակցային սեղանին քննարկվող թեմա է: Արդյոք մեր իշխանությունները տարիներ շարունակ մեր հասարակությանն անգիտության մեջ չե՞ն պահում, նաև դրանով հասարակությանը չե՞ն նախապատրաստում զիջումների:

-Նման կարգի հայտարարություններ արվում են 1992 թ.-ից համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչների կողմից: Արվել են բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են բոլոր այն կետերը, որոնց մասին խոսել է Հոգլանդը: Ես չեմ կարծում, որ վերջինիս հայտարարություններում տարօրինակ ու սարսափելի բան կա: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանը պատրաստ էր այս կետերն ընդունելու որպես բանակցությունների հիմք, բայց Ադրբեջանը հրաժարվել է: Ասել, որ ՀՀ իշխանությունները թաքցրել են, սխալ կլինի: Եվ հիմք ընդունել որևէ փաստաթուղթ՝ դա դեռ չի նշանակում, որ այդ հիմք ընդունվածը վաղը դառնալու է այն օբյեկտիվ իրականությունը, որը մենք պետք է ապրենք:

Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Հայաստանն արդեն իսկ միակողմանի զիջումների մի քանի անգամ գնացել է՝ 1994 թ. պատերազմի դադարեցմամբ և 1998 թ.՝ Արցախի՝ Հայաստանի համաձայնությամբ բանակցային սեղանից դուրս գալով: Բայց մենք տեսանք, որ հայկական կողմի միակողմանի զիջումներին ի պատասխան՝ Ադրբեջանը գնաց ավելի ագրեսիվ հայտարարությունների, ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմի: Այսինքն՝ պետք չէ հուսալ, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կամ ինչ-որ հարցերում զիջումների գնալը կարող է ավելի հեշտացնել խաղաղ կարգավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում: