ՀՀ-ին հաջողվել է բարեհաջող զարգացնել հարաբերությունները միաժամանակ և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ. քաղաքագետը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին
Առաջին անգամ չէ, որ ամերիկացի դեսպանի հայտարարությունները մեծ ուշադրության են արժանանում հայկական մամուլում: Անդրադառնալով, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ կապված Հայաստանի ինքնիշխանության հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Պատճառն այն է, որ նա ամերիկացի դեսպան է, իսկ Ամերիկան բավականին լուրջ երկիր է,- նշեց նա՝ կենտրոնանալով դեսպանի՝ Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող դիտարկումներին,-ես քաղաքագետ եմ, գիտեմ, որ ամբողջությամբ ինքնիշխան երկրներ չեն լինում: Ամենամեծ երկրները պետք է հաշվի նստեն այլ երկրների հետ: Դա քաղաքականության էությունն է․երկրները գտնվում են փոխադարձ ազդեցությունների մեջ, մտնում են տարբեր բլոկների մեջ: Նրանք հաշվի են առնում իրենց հարևաններին, որոնցից կախում ունեն։ ԱՄՆ-ն էլ պետք է հաշվի նստի, օրինակ, Սաուդյան Արաբիայի շահերի հետ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ Միացյալ Նահանգները ասել է, որ իրենց նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասել էր դեսպանը:
Վերադառնալով նշվածին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն էլ իր քաղաքականությունը կառուցում է՝ իր շահերը հաշվի առնելով, և կտրուկ չի փոխի դա՝ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դրա հետ կապված բան է ասել:
«Հայաստանի ինքնիշխանությունը արտահայտվում է ոչ թե նրանով, որ ոչ մեկից և ոչնչից կախում չունի, այլ նրանով, որ որոշում է, թե ինչ շահեր պետք է հաշվի առնի իր քաղաքականությունը կառուցելիս: Մինչ հիմա Հայաստանին հաջողվել է բարեհաջող զարգացնել իր հարաբերությունները միաժամանակ և՛ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ, և՛ Վրաստանի ու Ռուսաստանի հետ, և՛ Իրանի ու ԱՄՆ-ի հետ »,- նշեց նա:










